Հայաստանի ու Մալթայի գլխավոր դատախազները քննա...

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

Մալթայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Աննա Վարդապետյանը ողջունել է մալթացի գործընկերոջը և նշել, որ ջերմ հիշողություններ ունի նախորդ տարի Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Մալթա կատարած այցից և դրան մեծապես նպաստել է Վիկտորիա Բութիջեյջի ջերմ ընդունելությունը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցությունը և համաժողովի շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումներն ու մասնագիտական նոր ծանոթությունները նպաստել են ՀՀ դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: 

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: