Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով։
Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ երաշխքիներ կան, որ պատերազմ չի սկսվի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հետո, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երաշխիքը նշանակում է բացառում, այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ կլինի»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածքից տարածքներ զիջելուն և ՀՀ սուվերենությունը կասկածի տակ դնելուն, Փաշինյանը նշեց․
«Ես երաշխիք չեմ տալիս, որովհետև, ինչպես ասացի, երաշխիք երբեք գոյություն չի ունեցել։ Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքիների մեր համակարգը։ Ոսկեպար գյուղի որևէ բնակչի ես որևէ տեղ, որևէ ֆորմատով երբեք չեմ ասել ու լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված պետք է տանք որևէ մեկին։ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»։



