Հայաստանի քաղաքական դաշտում համալրումներ են սպասվում։ Մասնավորապես, նոր քաղաքական կուսակցություն են ստեղծել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Դասական քաղաքագիտական պատկերացումների համաձայն, նոր կուսակցությունները սովորաբար ստեղծվում են եւ նպաստում տվյալ պետության քաղաքական համակարգի զարգացմանը, կայացմանը, իրենց խոսքն ասելով այդ երկրի քաղաքական կյանքում։ Հայաստանում, սակայն, արդեն գործող բազմաթիվ ու բազմապիսի կուսակցությունները ոչ միայն չեն նպաստել Հայաստանի քաղաքական դաշտի զարգացմանը եւ կայացմանը, այլ նաեւ երբեմն ծիծաղելի իրավիճակներ են ստեղծել՝ օրինակ ստանալով «մարդ-կուսակցություն» որակումները։
Դժվար է ասել, թե 2018-ի իշխանափոխությունից հետո, եւ հատկապես ներկա բարդ իրավիճակում կուսակցաստեղծումը որպես երեւույթ, հասունացել է արդյոք թե ոչ։ Գոնե 2018-ից հետո մինչեւ պատերազմն ընկած ժամանակահատվածը ստեղծված կուսակցությունների մասով, հուդադրող քիչ ասելիք կա։ Ցանկալի է հուսալ, որ պատերազմն ու այսօրվա բարդ իրավիճակը նաեւ քաղաքական համակարգն են հասունացրել։ Սակայն, հետաքրքրական է ոչ թե կուսակցությունների փաստն ինքնին, այլ այն, թե դրանք նախ ինչ գաղափարախոսություն են դավանում, եւ ապա՝ դրանք ինչի համար են ստեղծվում։ Հայաստանում օրինակ քիչ կուսակցություններ կան, որի անդամները իսկ, հստակ պատկերացնում են, թե իրենց կուսակցությունները ինչ քաղաքական գաղափարախոսության հետեւորդ են՝ աջակողմյան, թե ձախակողմյան, ցենտրիստական, պահպանողական թե լիբերալիստական, կամ ազգայնական թե ոչ։ Ավելին, դասական իմաստով կուսակցությունները մեկ հնգյակից ավելին չեն։ Հայաստանի նորագույն պատմության մեջ նախադեպային փորձառությունը հուշում է, որ կուսակցությունները հիմնականում ստեղծվում են կամ ընտրություններից առաջ, կամ էլ ինչ-ինչ քաղաքական ամբիցիաների համար, կամ էլ որեւէ լիդերի շուրջ համախմբման արդյունքում։ Դեմոյանի եւ Հակոբյանի կուսակցությունները, ըստ ամենայնի, ստեղծվում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Թերեւս կիմանանք առաջիկայում նաեւ այլ կուսակցությունների ստեղծման մասին էլ, բայց գանք ոչ պակաս կարեւոր հարցի՝ իսկ ովքեր են լինելու այս կուսակցությունների ընտրողները, որոնք են լինելու այն թիրախ խմբերը, որոնց վրա աշխատելու են կուսակցությունները, իրենց կողմը նրանց գրավելու, իրենց էլեկտորատը նրանցով լրացնելու համար եւ այս համատեքստում, որքանով է նպատակահարմար ոչ-իշխանական դաշտում նման խայտաբղետությունը, որը ընդամենը կարող է եղած մարդուժի ջլատման տանել։ Այլ հարց, եթե թիրախում լինի ասենք նիկոլական զանգվածին «դարձի բերելը»։



