
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք»,- ասաց վարչապետը:
Հենց «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ուղարկված գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։