Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ արտաքին գործերի, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների տեղակալներն աշխատանքային այցով գտնվել են Նիդեռլանդների Թագավորությունում՝ Հայաստան-Նիդեռլանդներ Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տնտեսական համագործակցությանը և ենթակառուցվածքներին վերաբերող կետերի իրականացումն ապահովելու նպատակով։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների ԱԳ նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների գլխավոր տնօրինության, Նիդեռլանդների ներդրումների միջազգային կազմակերպության, գյուղատնտեսության, ձկնորսության, պարենային անվտանգության և բնապահպանության նախարարության, ջրային գործընկերության, CBI - զարգացող (գործընկեր) երկրներից ներմուծումների խթանման կենտրոնի, Միջազգային ներդրումների գործակալության ներկայացուցիչների և այլ գործընկերների հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, ր կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններն ու դրանց գործնական քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական համագործակցության, զբոսաշրջության, տրանսպորտի, կիբեռանվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներին, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, հիբրիդային սպառնալիքների կանխարգելմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։



