Ռուսաստանի Դաշնությունը Երևանի խնդրանքով սկսել է Հայաստան մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Մենք շարունակում ենք հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել երկրի համար անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։
Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։
Առջևում աշնանային և ձմեռային շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը ճիշտ ժամանակին և օգտակար կլինի։
Չնայած Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ սեպտեմբերի 21-ին մեր երկրից առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում ընդառաջել է իր դաշնակիցներին»,-մասնավորապես ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ից նաև նշել են, որ կազմել են Ղարաբաղից տեղահանված հայերի համար անհրաժեշտ առաջնային ապրանքների ցուցակ, դրանք առաջիկա օրերին կուղարկվեն Հայաստան։



