Այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ով վերջերս է վերադարձել Հայաստան, իր համար պարզել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը «շատ հետամնաց է»․
«Հայաստանում մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն և մոտավորապես 40-50 տարի մենք հետ ենք աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից»- հայտարարեց Քամալյանը։
Զուգահեռներ անցկացնելով նա ասաց, որ եթե անցած տարի Հայաստանում լոլիկի բերքի 40 տոկոսը ցեցը կերել էր, ապա ԱՄՆ-ում Կալիֆորնիայի համալսարանը մի կոմբայն է ստեղծել, որն առանց մարդու միջամտությն հավաքում է ելակի բերքը։
Այդուհանդերձ, փոխնախարարը մի լավ նորություն ուներ. «Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, ոնց ու երբ պետք է անենք, որ գոնե մի յոթ տարի հետո ընկնենք 21-րդ դար։ Ես չեմ՝ ասում կհասնենք այդ երկրներին, որովհետև նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարվա հետամնացությունը կիջեցնենք, կսարքենք 10 տարի։ Էդ ծրագիրը մենք ունենք, այդ ծրագրերն իրականցնելու համար մեզ պետք են այ էս մարդիկ (ցույց է տալիս դահլիճը-խմբ.), առանց այդ մարդկանց հնարավոր չէ»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ նկատեց, որ վերջերս Արտակ Քամալյանի հետ Գեղարքունիքի ֆերմերների հետ են հանդիպել ու ծիծաղով նկատեց. «Երևի պարոն Քամալյանի պատկերացումը, որ մենք մնացել ենք 5 տարի հետ, այդտեղից է»։



