
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
Լիտվայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Աննա Վարդապետյանը ողջունել է լիտվացի գործընկերոջը և ընդգծել՝ ուրախ է, որ Նիդա Գրունսկիենեի գլխավորած պատվիրակությունը կրկին Հայաստանում է և կրկին առիթը՝ ՀՀ դատախազության կողմից անցկացվող համաժողովին մասնակցելն է:
Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև ձևավորված ջերմ գործընկերային հարաբերությունները նպաստում են երկու երկրներում դատախազական գործառույթների հետ կապված հարցերի արագ և արդյունավետ լուծմանը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: