Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետները քննարկե...

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող հարցերը և կարևորել են տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի գործունեության շուտափույթ մեկնարկը:

Ընդգծվել է, որ նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և այս համատեքստում հատկապես կարևորվել է Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում կուտակած փորձը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրելու միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը և այս ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերը ներառելու հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգ:

Ղրղզստանի փոխվարչապետն առաջարկել է նաև ակտիվացնել հարաբերությունները միջխորհրդարանական դիվանագիտության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղություններով: