Երևանում հոկտեմբերի 7-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:
Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:
Նշվում է , որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: