Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են...

Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։

Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ընդլայնմանը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի, գործարար միջավայրի, ներդրումների, ինչպես նաև կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերի շրջանակում համատեղ նախագծերի առաջխաղացմանն ուղղված նախաձեռնություններին։ 

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատրաստականության ընթացքը՝ կարևորելով Վրաստանի մասնակցությունը այս միջազգային միջոցառումներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ «TRIPP» նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։ 

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը խաղաղության, կայունության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգ ու բարեկեցիկ ապագան համատեղ և պատասխանատու աշխատանքի արդյունք է։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պատվո հյուրերի գրքում։