Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարա...

Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարությունները 2026 թվականի հուլիսի 1֊ից մինչև 2028 թվականի հուլիս համատեղ իրականացնելու են ԵՄ փորձագիտական աջակցության Թվինինգ ծրագիր, որի նպատակն է դիտարկել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքն ու արդյունքները և դրանց հիման վրա մասնագիտական աջակցություն տրամադրել համակարգի շարունակական լավարկման համար։

Այս մասին տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Այսօր Խորվաթիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպեցինք Խորվաթիայի առողջապահության փոխնախարար Տոմիսլավ Դուլիբիչի և հիշյալ Թվինինգ ծրագրի համակարգող Դոմագոյ Դոդիգի հետ։ Մտքեր փոխանակեցինք ներդրված համակարգի կառուցվածքի վերաբերյալ. գործընկերները մանրամասն ուսումնասիրել են այն և կարծում են, որ սա լավ սկիզբ է մեր առողջապահության համակարգը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու համար»,– գրել է Եղոյանը։