
«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։
«Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի:
Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: