
Երևանի պետական համալսարանում կտեղադրվի Հայաստանի ձեռքբերած նոր գերհամակարգիչը։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ գերհամակարգչային կենտրոնն արդեն կգործի:
Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորել են և NVIDIA ընկերությունից ձեռք են բերել նոր սուպերհամակարգիչ: «Ես գիտեմ, որ սուպերհամակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է և պետք է տեղադրվեր: Տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան»,–ասաց Փաշինյանը՝ հարցնելով, թե ո՞ւր են հասել տեղադրման ու հասանելի դարձնելու աշխատանքների մասով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2024-ի դեկտեմբերի 26-ից արդեն սուպերհամակարգիչը Հայաստանում է:
«Հիմա իրականացվում են տեղադրման աշխատանքները: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը Երևանի պետական համալսարանն է: Ձեռքբերված գերհամակարգիչն արդեն իսկ Ինժեներեկան քաղաքում տեղադրված գերհամակարգչի կրկնություննը չէ, մենք ունենք սկզբունքորեն այլ գործառութային հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Եվ այդ հաշվարկներն անհրաժեշտ են տարբեր ուղղություններով․ կարող են լինել բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, նաև կարող է օգտագործվել առողջապահական, կենսաբժշկական հետազոտությունների համար և այլն»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հաշի առնելով, որ այն տեղակայվելու է ԵՊՀ-ում, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ստեղծվելու: «Այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս»,–նշեց Անդրեասյանը:
Նախարարը հայտնեց՝ պլանավորել են, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկեն մայիսից և կարճ ժամկետում ավարտեն: Անդրեասյանը կարծում է, որ կենտրոնը տարեվերջին կկարողանա գործել: