Երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները բավականին շատ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ-ում «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Սովորաբար երեխայի նկատմամբ բռնության մասին խոսելիս մենք շեշտադրում ենք ֆիզիկական բռնությունը, մինչդեռ շատ կարեւոր է պատշաճ հասցեավորել երեխայի նկատմամբ հոգեբանական եւ ընդհանրապես բռնության այլ տեսակներին առնչվող խնդիրները:
Իրավասու մարմինները, հատկապես դասավանդման գործընթացում ներգրավված անձինք պետք է տիրապետեն բավարար հմտությունների թե բռնության դեպքերը կանխարգերլելու, թե ընդհանուր առմամբ խնդիրները հասցեավորելու տեսանկյունից: Ցավոք, անձինք, որոնք պետք է ներգրավված լինեն այս հարցերում, շատ դեպքերում չեն տիրապետում այն զգայունությանը՝ երեխայի լավագույն շահի հետ կապված»,-ասաց նա:
Մանասյանը նշեց, որ բուլինգի հիմնախնդիրը շատ լուրջ է Հայաստանի դպրոցներում։
«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, շատ դեպքերում, ուսուցիչներն այն մասնագիտական հմտություններին չեն տիրապետում, որոնք պետք է այս երևույթները կանխարգելելու համար»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը, ըստ ՄԻՊ-ի, երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրն է, որը գրեթե ամենօրյա ռեժիմով է հանդիպում. «Մենք ամենօրյա ռեժիմով սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում հանդիպում ենք տարատեսակ նյութեր, դրանք կլինեն նկարների տեսքով, թե տեսանյութերի տեսքով, կամ կոնկրետ նյութեր, որոնք վերաբերում են երեխաներին՝ առանց երեխաների անձնական տվյալների պաշտպանության: Այս ոլորտը առավել ակնառու է հատկապես սեռական բռնության զոհ դարձած երեխաների պարագայում: Եղել են լրատվամիջոցներ, որոնք երեխաների վերաբերյալ հրապարակել են այնպիսի անհատականացնող տվյալներ, որոնց արդյունքում համայնքում ակնհայտ է դարձել թե երեխայի թիրախավորման հանգամանքը, թե մի շարք այլ հանգամանքներ, որոնք շատ լուրջ վտանգ են ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Ավելին, եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ դարձած երեխայի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել է այն համատեքստում, որ օրինակ, երեխան չի փայլել իր վարքով եւ այլն: Կարծես բռնության արդարացման համատեքստում հանգամանքներ են տեղ գտել»,- հայտարարեց Անահիտ Մանասյանը: