Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մր...

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մրցույթին մասնակցել ոչ միայն լրագրողական համայնքի գործընկերներին, այլ նաև վերլուծաբան-հետազոտողներին (վերլուծական-հետազոտական կենտրոններին) և գիտնականներին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի բանկերի միությունից:

Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների վերաբերյալ հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։

Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

Ընտրություն

Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

Լավագույն լրագրողական անդրադարձ

Լավագույն վերլուծություն

Լավագույն գիտական հոդված

Մրցութային աշխատանքներին  ներկայացվող չափորոշիչներ

Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է գիտական այն հրապարակմանը, որի արդյունքում ստեղծվել է գիտական նոր արդյունք։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ - Supreme Certifying Committee (bok.am)) 

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2022թ. հունվար-փետրվարին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են 2021թ-ի ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը:

Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

 Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։