Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձել է Կինոա...

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ հանդիսանալու է Կինոարխիվների Միջազգային (FIAF) ասոցիացիայի ասոցացված անդամ, ինչը կարևոր ու նշանակալից ձեռքբերում է կինոկենտրոնի համար:

Կինոկենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, բարձր գնահատելով կինոկենտրոնի վերջին տարիների գործունեությունը հայկական կինոժառանգության պահպանման, վերականգնման և հանրայնացման գործում, FIAF-ի գործադիր կոմիտեն պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի անդամակցության հայտը 2022-ի ապրիլի 27-ին Բուդապեշտում կայացած Կինոարխիվների միջազգային վեհաժողովի համագումարին։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում էր կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, որը հանդես եկավ ամփոփ զեկույցով, ներկայացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվային հավաքածուները, ֆիլմերի վերականգման նախագծերը և հայ կինոժառանգության միջազգային հանրայնացմանը միտված մոտալուտ ծրագրերը։ Վեհաժողովի ընթացքում կայացած աշխատանքային բազմաթիվ հանդիպումների շնորհիվ ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ մի շարք խոշոր հաստատությունների՝ Կալիֆորնիայի համալսարանի կինո և հեռուստատեսության արխիվի, Բոլոնիայի Il Cinema Retrovato կինոփառատոնի, Լիսաբոնի և Տուլուզի սինեմատեկաների, Էստոնիայի կինոթանգարանի, Բուլղարիայի և Ֆիլիպինների ազգային կինոարխիվների, Ջորջ Իսթման թանգարանի և այլ կազմակերպությունների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: