
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերություններին՝ գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող գործակցությունը։
Վահան Կոստանյանն ու Բերտրան Բուշվալտերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հայաստանի փոխարտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։