Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առո...

Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա հիշեցրեց, որ Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում նաև հանդիպել է նախկին նախարարին, կան Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ:

«Կա  գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին: Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար բացելուն, այն է, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների և երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար, մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք», - նշեց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ  նախարարը նշեց նաև, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ: