
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել:
Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: Մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի վրա»,–ասաց դեսպանը:
Նա հավելեց՝ նպատակն է շարունակել դրական ընթացքը՝ ի շահ քաղաքացիների: Ըստ նրա՝ ԵՄ-ի նպատակն է աջակցել քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: