Հայ-ռուսական հարաբերություններն այժմ վասալի և...

Հոկտեմբերի մեկին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղըրղըզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Գագաթնաժողովի ունեցած ազդեցության և առաջիկա արդյունքների մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում  ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Որքանո՞վ  էր այն ստացված և որքանով Հայաստանը կարողացավ դիվիդենտներ  շահել այս գագաթնաժողովից։

- Դատելով այս խորհրդաժողովի մասնակիցների կազմից, պետք է ասել, որ բավականին հաջող հանդիպում է եղել և բացի ԵԱՏՄ անդամ երկրներից հրավիրված են եղել նաև մի շարք այլ երկրների ղեկավարներ, ինչը  աննախադեպ էր ԵԱՏՄ-ի  պատմության մեջ։ Իսկ, թե որքանով Հայաստանը դիվիդենտներ շահեց, սա ժամանակի հարց է և վաղ է այդ մասին եզրակացություններ անել։ Բայց, եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքվեց ազատ առևտրի  համաձայնագիր, նաև հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, ապա պետք է ասել, որ Երևանում տեղի ունեցած  այս վերջին հանդիպումները Հայաստանի համար կարող են օգտակար լինել, իսկ թե ինչքանո՞վ․դա դժվար է ասել։

-Թերահավատները նշում էին, որ ՌԴ նախագահը չի գա Հայաստան, չի հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց տեսանք հակառակը։ Իրականում ի՞նչ ասաց երեկվա հանդիպումները Ձեզ, ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները։

-Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի Դաշնության նախագահը պայման  պետք է դներ Ռոբերտ Քոչարյանի մասով, քանի որ շատ էին խոսում, որ նա պայման է դրել  միայն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեպքում այցելել Հայաստան։ Իրականում սա շատ առանցքային նշանակություն ունեցող հանդիպում էր և բնականաբար Վլադիմիր Պուտինը  առիթը բաց չէր թողնելու ներկա գտնվելու այդ գագաթնաժողովին և նման պայման չէր դնի Հայաստանի իշխանություններ առաջ։ Այնպես որ ես ի սկզբանե բացառել եմ, որ նա կարող է չգալ Հայաստան։ Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին, ապա պետք է ասեմ, որ այդ հարաբերութոյւնները այժմ զարգանում են և ի տարբերություն նախորդ իշխանությունների ժամանակ եղած հարաբերությունների, այժմ Հայաստանը փորձում է  հավասարը հավասարի դիրքերից հանդես գալ և այժմ ակնհայտ վասալի և սյուզերենի հարաբերություններ չեն Հայաստան –Ռուսատան հարաբերութոյւնները, ինչպես նախկինում։ Իհարկե կան բաներ, որտեղ Հայաստանը ավելի շատ զիջում է Ռուսաստանին, քան ստանում, բայց նախկին անհամաչափությունը անցել է։ Այժմ Հայաստանը ավելի հավասար դիրքերից է հանդես գալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում։