
Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռազմական մատակարարումների տենդերին ռուսական ընկերության մասնակցությունը տապալելու համար։ Նոտայում նշվում է, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, որ անհիմն ու անպատասխանատու ձեւով ռուսական ընկերությունը ներառվել է ոչ-բարեխիղճ մատակարարների ցանկում։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել ծառայողական անփութության հատկանիշներով, կապված զենքի մատակարարման տենդերի տապալման հետ, որին մասնակցել է նաեւ ռուսական ընկերությունը։ Այն ժամանակ դեռ պարզվեց, որ այս տարվա մայիսին Հայաստանի Պնախարարությունը առաջին անգամ իր պատմության ընթացքում հայտարարել է մրցույթ զինտեխնիկայի մատակարարման համար: Պահանջները բավարարել հաջողվել էր միայն ռուսական ORSIS ընկերությանը:
Հայկական կողմը, սակայն առանց որեւէ մեկնաբանության փակել է տենդերը, ինչի հետեւանքով էլ ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկող հանձնաժողովին։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ Պնախարարությունը որպես պատասխանող հանդես է գալու դատական վեճում։ Եվ ահա, հարցը դատականից բացի լուծվելու է նաեւ միջպետական հարաբերությունների մակարդակով, քանի որ դեռ այն ժամանակ ռուսները հայտարարել էին, որ հարցի չլուծման համար այլ ռազմական նախագծեր, որոնք կապված են Հայաստանի հետ, կարող են հայտնվել հարվածի տակ։ Նման իրադրությունները գոնե մինչեւ վերջին մեկուկես տարին խորթ էին հայ-ռուսական հարաբերություններին։
շՀասկանալի է, որ նման հարցերը ռազմավարական դաշնակիցները կարող էին լուծել լրիվ այլ կարգով, առանց նման պաշտոնականացման, առանց դատ ու դատասխանի կամ դիվանագիտական խողովակներով «մատ թափ տալու»։ Սակայն եղածը եղած է ու արդեն այս եղածի հիմքի վրա կարելի է պատկերացնել, որ անկախ կարգախոսային, բաժակաճառային հայտարարություններից, հայ-ռուսական հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա ինչ որ էին մեկ ու կես տարի առաջ։ Պարզ է, որ կա անվստահություն ու անհասկացողություն որը ոչ թե փորձ է արվում հարթել ու շարժվել առաջ, այլ ամեն անգամ նոր կիքսով, նոր սխալով ավելի խորացվում է ու ավելի դարձվում գլոբալ։
Այո, հայ-ռուսական հարաբերությունները բավական կնճռոտված են, այլապես օրինակ ռուսական երկաթուղային փոխադրող կորպորացիան չէր հայտարարի, որ եթե իրեն շարունակեն խանգարել աշխատել, ապա դուրս կգան Հայաստանից։ Իսկ դա նշանակում է, որ հայկական երկաթուղիներից մնալու են միայն ռելսերը, քանի որ շարժակազմերը, օրինակ բերված են ռուսների կողմից ու Հայաստանինը չեն։ Առաջիկայում Փաշինյանը մեկնելու է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ու թերեւս խելամիտ կլինի առիթն օգտագործել ու այս խնդիրը կարգավորել։ Այլապես տուժողը Հայաստանն է լինելու, քանի որ մեղմ ասած՝ միայն հիմարը իր հիմնական զենքի մատակարարի հետ կգժտվի անփույթ ու անպատասխանատու կեցվածք դրսեւորելով։