
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բնորոշմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ առողջ են և գործընկերային։
Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում։
«Թղթով սահմանված են մեր հարաբերություններն ու պարտավորությունները, փորձում ենք անել այնպես, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորություններն իրար նկատմամբ իրականացվեն, այսինքն՝ ունեցած պայմանագրի լիարժեք իրականացմանն ենք ձգտում»,-նշեց Միրզոյանը։
Միրզոյանը նաև շեշտեց, որ եղած պայմանագրից դուրս ևս շատ սերտ հարաբերություններ կան երկու երկրների միջև, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ Հայաստանի համար մասնակցությունը շատ շահավետ է։
«Սա չի նշանակում, թե ամեն ինչ անամպ է, և ամեն ինչ հարթ է, իհարկե, ոչ։ Կան խնդիրներ, կան էական հարցեր, որոնց շուրջ ռուսաստանցի գործընկերներն իրենց դիրքորոշումն ու իրադարձությունների նկատմամբ ընկալումն ունեն, պատճառաբանություն, թե ինչու այդպես ստացվեց։ Մեզ համար ճշմարտությունը բոլորովին այլ է։ Դիրքորոշումները լավ հայտնի են, և ինչ-որ կերպ նորմալ ապրում ենք այս տարբերություններով։ Մենք իրենց մեղքն ենք տեսնում ինչ-որ բանում, իրենք, միգուցե, մեր մեղքը` ինչ-որ բանում, մենք համոզված ենք, որ, օրինակ, մենք ենք ճիշտ»,-նշեց Միրզոյանը։
ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ կան հարցեր, որտեղ անհամաձայնություններ կան, բայց կան նաև բազմաթիվ հարցեր, որտեղ կողմերի միջև կա համաձայնություն ու նորմալ համագործակցություն։
«Առողջ հարաբերություններ են, և ցանկացած հարաբերություններ, կարծում եմ, այդպես էլ լինում են»,-նշեց Արարատ Միրզոյանը։