Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ եւ հասցեական դիրքորոշում արտահայտելու համար: Նշվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ եւ քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր եւ նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:
Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ:



