Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ա...

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երեք տարի անց։ Այս մասին հայտնում են ՀՅԴ–ից։

20-ի թվում են Արցախի Հանրապետության նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք և ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահվում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտված են և կրում են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հայտնվել գերության մեջ, և պարունակում է տեղեկություններ 20-ից յուրաքանչյուրի մասին։

Թղթածրարն արձանագրում է.

• դատավարություններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանությանը.

• 2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի որևէ այց տեղի չի ունեցել.

• Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը մնում է չհրապարակված, քանի որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս.

• Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումները դեռ քննության փուլում են.

• խորհրդարանների, կառավարությունների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, ինչպես նաև տեղեկություններ երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անհաջող փորձերի մասին։

«Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,– նշում է ՀԴԿԽ-ն։ – Նրանք պատանդներ են, և պետք է ազատ արձակվեն անհապաղ և անվերապահորեն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների»։

Մինչև ազատ արձակումը թղթածրարը պահանջում է.

• կանոնավոր անկախ մարդասիրական մուտք և բժշկական գնահատում.

• անարգել կապ ընտանիքների և փաստաբանների հետ.

• խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակում.

• Եվրոպական դատարանի պահանջների լիարժեք կատարում.

• 2020 թ. գերեվարված և մինչ օրս անհայտ կորած առնվազն 80 հայի ճակատագրի

• արդյունավետ քննություն։

Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի — Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի վերլուծություն» հավաքածուն, որը վերլուծում է Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Զեկույցի անգլերեն ուղեկից հատորը՝ “Justice” According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan” հատուկ զեկույցը, նույնպես հասանելի է։

Թղթածրարը՝ հայերեն։

ՀԴԿԽ-ի բոլոր հրատարակությունները, այդ թվում՝ թղթածրարը և հատուկ զեկույցը, հասանելի են «Մեր հրատարակությունները» էջում։

Կապ՝ office@armeniancause.org