«ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը Հայաստանի սուվերեն որոշումն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մտահոգությանը։
«Դա Հայաստանի սուվերեն որոշումն է, ես հասկանում եմ, որ տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է: Նաև դուք գիտեք, որ սա խաղաղապահ առաքելությունում հայ-ամերիկյան փոխգործակցությունը բարելավելուն ուղղված զորավարժություններ են, որոնք պետք է տեղի ունենան հաջորդ շաբաթ: Սա արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերություններին»,- ասաց Խանդանյանը։
Հարցին, թե արդյոք զորավարժություններ անցկացնելու որոշումից առաջ եղել է քննարկում ռուսական կողմից հետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ չունի նման տեղեկություն։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով, որեւէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում և Հայաստանի նկատմամբ։