ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է», - ասել է Պատելը:
Լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ:
«Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր նոյեմբերի 20-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարևոր է պետքարտուղարի համար՝ մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել և որում խորապես ներգրավված է եղել», - եզրափակել է Պատելը: