Հաստատվել են մշակութային արժեքների փորձաքննու...

Կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նոր կարգավորումը նպատակ ունի խթանել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումները: 

Ըստ հաստատված կարգի՝ ՀՀ-ում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունները կանցնեն հավատարմագրման գործընթաց: Փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները կհավատարմագրվեն՝ հինգ տարի ժամկետով վերահավատարմագրման իրավունքով, և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը լիազորված պետական մարմին` նպաստելով մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների արդյունավետության բարելավմանը:

«Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությունը 2025 թվականի մայիսի 29-ի նիստում, ուժի մեջ կմտնի  պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: