
Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրո՛ւ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն ու ներկայացրել իրենց վերլուծությունները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ողջունելով աշակերտների նախաձեռնությունը, նշել է, որ նման նախագծերը խթանում են հարկային ոլորտի վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանն ու ձևավորում սոցիալական պատասխանատվության զգացում դեռ դպրոցական տարիքից։ Նա ընդգծել է, որ հասարակության մեջ հարկային կարգապահության ամրապնդումը շարունակական և հետևողական աշխատանք է, որում նախագծի հեղինակները կարևոր ներդրում են ունեցել։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ՊԵԿ նախագահից և տեղակալներից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, ՀՀ հարկային համակարգի կառուցվածքային և գործառույթային առանձնահատկություններին, հարկ վճարելու մշակույթի ձևավորման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող իրազեկման արշավներին։ Դպրոցականները հետաքրքրվել են նաև, թե արհեստական բանականության ի՞նչ գործիքներ է կիրառում Կոմիտեն, ինչպե՞ս է պայքարում ստվերային տնտեսության ու հարկային իրավախախտումների դեմ։ Ներկաները հետաքրքրվել են նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նպատակից և այլն։