Հարիսը կարծում է, որ Սինվարի սպանությունից հե...

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հավաստիացնում է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը կհեշտացնի հրադադարի մասին պայմանավորվածության հասնելը Գազայի հատվածում։

«Նախ՝ դա դժվար կլինի, դա բարդ կլինի։ Բայց մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը։ Մենք պետք է ազատ արձակենք պատանդներին»,- ասել է Հարիսը MSNBC հեռուստաալիքի հարցազրույցում։ «Մենք հաջորդ շաբաթ ուղարկում ենք պետքարտուղար Թոնի Բլինքենին [տարածաշրջան]՝ հանդիպելու կողմերի հետ,- տեղեկացրել է նա։- Եվ Սինվարի մահը, ինչպես կարծում եմ, վերացրել է խոչընդոտն այդ ճանապարհից»։

Հոդվածում, որը հրապարակվել է  The Washington Post թերթում հոկտեմբերի 17-ին, բերված գնահատականի համաձայն՝ Սինվարի սպանությունը կարող է «նոր խոչընդոտներ ստեղծել» հրադադարի մասին պայմանավորվածության հասնելու համար։ «Դրանցից հիմնականն այն է, թե կգտնեն արդյոք ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար, որը պատրաստ կլինի եւ կկարողանա հասնել հրադադարի մասին պայմանավորվածության, եւ արդյոք [Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն] կօգտվի այդ հնարավորությունից մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու համար, թե կորոշի կրկնապատկել ջանքերը Գազայում ավելի մեծ հաղթանակի հասնելու համար»,- նշվել է հոդվածում։

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սինվարը սպանվել է իսրայելցի զինվորականների գործողության ժամանակ հոկտեմբերի 16-ին Գազայի հատվածի հարավում։