Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է Իրանի քաղաքականությունը՝ հարևան երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Չորեքշաբթի օրը՝ Թեհրանում, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի և նրա ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ընթացքում, Այաթոլլա Խամենեին շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է ընդլայնել հարաբերությունները հարևան երկրների հետ։
Նա նշել է. «Պարոն Փեզեշքիանի վարչակազմի հայտարարած քաղաքականություններից մեկն էլ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն է։ Աստծո կամքով, այս ոլորտում նշանակալի առաջընթաց է գրանցվել, և որոշ լավ նախաձեռնություններ արդեն իրականացվել են»։ Նա նաև բարձր է գնահատել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ակտիվ ու դինամիկ դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում Իրանի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Իսլամական հեղափոխության առաջնորդը հույս է հայտնել, որ Թեհրանում ձեռք բերված պայմանավորվածությունները օգտակար կլինեն երկու երկրների համար և որ երկու կողմերն էլ կկարողանան ավելի արդյունավետ կերպով կատարել իրենց հարևանության պարտականությունները։
Հանդիպման ընթացքում Այաթոլլա Խամենեին անդրադարձել է Կատարի էմիրի հայտարարություններին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ «Մենք Կատարին համարում ենք մեր բարեկամն ու եղբայրը, սակայն դեռևս չլուծված հարցեր կան մեր միջև, օրինակ՝ Իրանի ակտիվների վերադարձը, որոնք Հարավային Կորեայից տեղափոխվել են Կատար։ Մենք գիտենք, որ այս փոխանցման իրականացման հիմնական խոչընդոտը ԱՄՆ-ն է»,- նշել է նա, Tasnim news-ի փոխանցմամբ հայտնում է Khamenei.ir-ը։
Նա հավելել է. «Եթե մենք լինեինք Կատարի տեղում, ուշադրություն չէինք դարձնի ԱՄՆ-ի ճնշումներին և կվերադարձնեինք Իրանի ակտիվները։ Մենք շարունակում ենք ակնկալել, որ Կատարը կանի դա»։
Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է. «Ոչ մի տարբերություն չկա ԱՄՆ նախագահների միջև»։
Հանդիպմանը ներկա էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կատարի էմիրը՝ շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանին, իր գոհունակությունն է հայտնել Այաթոլլա Խամենեիի հետ հանդիպելու համար և բարձր է գնահատել Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ ճնշված ժողովուրդների, հատկապես պաղեստինցիների պաշտպանության հարցում։ Նա նշել է. «Ձեր անսասան աջակցությունը պաղեստինցի ժողովրդին երբեք չի մոռացվի»։
Կատարի էմիրն անդրադարձել է տարածաշրջանում առկա հատուկ և բարդ պայմաններին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մեծացնել տարածաշրջանի երկրների համագործակցությունը։
Շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանին նաև նշել է, որ Իրանի և Կատարի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև ստորջրյա թունելի կառուցման մասին։ Նա հավելել է, որ այս համաձայնագրի շրջանակում շուտով կգործարկվի համատեղ հանձնաժողովը, որը կնպաստի տնտեսական փոխանակումների աճին մոտ ապագայում։



