Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և «Coalition for the UN we Need» գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների անկյունաքարային նշանակությունն՝ ուղղված տարածաշրջանում քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված շահագրգիռ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ, որի կիրարկումը կարող է հանգեցնել տարածաշրջանի դերի ավելացմանը փոխկապակցվածության ցանցի զարգացման համատեքստում: Այս առումով Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է զրուցակիցների հարցերին՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:



