Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել ամրապնդել երկրի խորհրդարանի խմբակցությունների համագործակցությունը եւ հայտնել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության դեմ, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։
«ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի համագործակցությունը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Մենք կդիտարկենք հակամիջոցների հնարավոր սցենարները»,- նշված է խորհրդարանին նախագահի հղած ուղերձում։
Նախագահը նշել է, որ Հարավային Կորեան զգալիորեն ուժեղացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների հակազդեցությունը Միացյալ Նահանգների հետ ամուր միության եւ եռակողմ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում՝ Ճապոնիայի մասնակցությամբ։
Յուն Սոկ Յոլը խոստացել է ընդլայնել հյուսիսկորեացի փախստականների աջակցությունը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների խնդիրներին Հյուսիսային Կորեայում՝ թեմայի միջազգային քննարկում կազմակերպելով։
«Կաշխատենք միասնական եւ ազատ Կորեայի հայեցակարգի աջակցության ընդլայնման ուղղությամբ»,- նշված է ուղերձում։