Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան որոշել է 12 հազար զինվոր ուղարկել ուկրաինական պատերազմին մասնակցելու համար, հայտնում է Reuters-ը՝ հարավկորեական Yonhap լրատվական գործակալությանը հղումով։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Բրյուսելում, խոսել էր ԿԺԴՀ-ից 10 հազար զինվորականների մասին, որոնք կարող էին ներգրավվել պատերազմի մեջ։
Ռուսաստանը կեղծ է համարում վերջին լուրերը Ուկրաինայում ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի զինված ուժերին ներգրավելու Մոսկվայի պատրաստակամության մասին:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն ուրբաթ օրը չնախատեսված անվտանգության հանդիպում է անցկացրել հետախուզության, ռազմական և ազգային անվտանգության հիմնական պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմում, ասվում է երկրի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«[հանդիպման մասնակիցները] կիսում էին այն տեսակետը, որ ներկայիս իրավիճակը, երբ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սերտ կապերը դուրս են եկել ռազմական բեռների տեղաշարժից, անվտանգության լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր երկրի, այլև միջազգային հանրության համար», - ասված է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի պաշտոնյաներն ասել են, որ հավանական է, որ Հյուսիսային Կորեայի որոշ զորքեր գտնվեն Ռուսաստանում և ներգրավված են Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, սակայն հստակ պատասխան չեն տվել նման տեղակայման բնույթի կամ չափի մասին, գրում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը զգալիորեն ամրապնդել են ռազմական կապերը անցյալ տարվա ընթացքում, երբ նրանց առաջնորդները հունիսին հանդիպեցին՝ ստորագրելու համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ներառում է փոխադարձ պաշտպանական պայմանագիր:
Հարավային Կորեայի և Ամերիկայի պաշտոնյաները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ և այլ զինամթերք է մատակարարում Ռուսաստանին: Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հերքում են զենքի վաճառքը. Կրեմլը նաև հերքել է Հարավային Կորեայի այն պնդումները, որ Հյուսիսային Կորեան կարող է զորքեր ուղարկել՝ օգնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պայքարում։