Հանրության լայն զանգվածները չեն աջակցում Նիկո...

Ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել ենք «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան իշխանությունները գնում են ռեպրեսիվ միջոցների, ընդդիմադիրների կալանավորումների։ Դուք ևս կալանավորված էիք։ Էֆեկտիվ միջոցնե՞ր են սրանք՝ ընդդիամդիրներին վախեցնելու, շարժումը կոտրելու համար։

-Հայտնի փաստ է, երբ իշխանություններն անցնում են ռեպրեսիվ միջոցների, ուրեմն գտնվում են հոգեվարքի մեջ, ուրեմն ստիպված են գնում այդ քայլին և սպառել են բոլոր հնարավոր օրինական միջոցները: Նիկոլի կողմից կիրառվող ռեպրեսիաների համատեքստում արձանագրենք, որ միջազգային իրավապաշտպան կառույցների, ամերիկյան և եվրոպական դեսպանատների, տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության տարածման և պաշտպանման անվան տակ գրանտներ մսխած կառույցների ձայնը չի լսվում: Հավատացեք, շատ կարճ ժամանակ անց, երբ երկիրը կապիտուլիացիայի ենթարկած դավաճան Նիկոլը չի լինի իշխանության գլխին, նշածս կառույցների հայտարարությունները ունենալու են զրոյական արժեք: Ինձ ապօրինի ձերբակալելու, բնակությանս վայրում խուզարկություն իրականացնելու, մեքենայիս բանալիները վերցնելու՝ դրանով իսկ զրկելով ինձ տեղաշարժելու իմ իսկ մեքենան, գրպանիս գումարը առգրավելու և այլ ճնշումներ կիրառելու մասով էլ ասեմ, որ որքան շատ և բիրտ լինեն իմ հանդեպ կիրառվող ռեպրեսիաները՝ այնքան ավելի կոշտ կլինի իմ պայքարը: Ինձ ու իմ կուսակիցներին, ընդդիմադիր մյուս գործընկերներին լռեցնել չի հաջողվելու և մենք հասնելու ենք դավաճան Նիկոլի հեռացմանը: Երկիրը կապիտուլիացիայի ենթարկած վարչապետը, հայրենիքի մի զգալի մասը թշնամուն հանձնած և հազարավոր զոհերի պատճառ դարձած վարչապետը չի կարող շարունակել ղեկավարել մեր երկիրը և չի կարող արցախյան հետագա բանակցություններում արժանվույնս ներկայացնել հայկական կողմի շահերը: Անհերքելի փաստ է, որ Նիկոլի ներկայացրած կոնցեպտը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին՝ ձախողվել է և բավարարել է միայն ու միայն Ադրբեջանին:

Տպավորություն է, որ հանրության լայն հատված աջակցում է Փաշինյանի հող հանձնելու ծրագրին։ Դուք ակտիվ շփվում եք հանրության հետ, ինչպիսին է իրական տրամադրվածությունը, ֆեսյբուքից դուրս։

-Միանշանակ կարող եմ ասել, որ հանրության լայն զանգվածները չեն աջակցում Նիկոլի հող հանձնելու ծրագրին, այլ հարց է, որ ֆեյսբուքյան ֆեյքային իլյուզիայում տպավորություն է ստեղծվել, թե Նիկոլը շարունակում է վայելել հանրության վստահությունը: Բերեմ մի օրինակ, թե ինչպես է իշխանությունը ստորաբար խաբում հասարակությանը. Որոշ մարդիկ զինվորական համազգեստով ավտոբուսի մեջից կամ տան լույսերն անջատած վիճակում ֆեյսբուքյան ուղղիղ եթեր են մտնում և հայտնում, թե իբր դիրքերից գալիս են Երևան՝ հանուն Նիկոլի, թե իբր ընդդիմադիրներին դիրքերում չեն տեսել և այլն: Մեդիագրագիտություն չունեցող անձանցից շատերը այսպիսի դեպքերում, ցավոք սրտի, ուտում են իշխանության խայծը: Այլ խնդիր է, որ որոշ շրջանակներ չեն համակրում ընդդիմության այս կամ այն ուժին և չեն մասնակցում հանրահավաքներին, բայց դա միայն ժամանակի հարց է: Ձեր գնահատմամբ ընդդիմությանը հաջողվում է համախմբել հանրությանը։

Հիմա տպավորություն է, որ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես եք ստիպելու նրան հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից։

-Ընդդիմությունը, այո, մեծ անելիք ունի հանրությանը ավելի պարզ և մատչելի ճանապարհային քարտեզ ներկայացնելու, թե ինչպես է պատրաստվում հասնել երկիրը կապիտուլիացիայի հասցրած անձին վարչապետի պաշտոնից հեռացնելուն: Կարծում եմ առաջիկայում պայքարը կմտնի նոր փուլ, և շատերը կհամոզվեն, որ Նիկոլի հեռացմանն այլընտրանք չկա, մի փոքր էլ է պետք համբերատար գործել, որից հետո հանրության լայն զանգվածների համար շատ բան կլինի տեսանելի, ավելին՝ շոշափելի: Ի վերջո պետք է հասկանալ, որ ընդդիմությունը տակտիկական առումով չի կարող ժամանակից շուտ հայտնել իր բոլոր քայլերը: Ինչ վերաբերում է Նիկոլի ինքնակամ հեռանալուն՝ ասեմ, որ ես երբեք նման պատրանք չեմ ունեցել, հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող տգետից ակնկալել բարոյական քայլ՝ իրատեսական չէ: