Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները այսօր փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում։
Արշալույսցիներից մեկի խոսքով՝ իրենք դեմ են, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար լինի Կարեն Սիմոնյանը.«Ասում ենք թեկուզ մարզպետարանից ինչ–որ մեկին բերեք, թող ժամանակավոր ղեկավարի, մինչեւ տարվա վերջ ընտրություններ լինեն։ Իսկ տեղակալը գյուղապետի ենթական է, իր մարդն է»,-ասել է News.am-ին։
Ցուցարարները հանդիպել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, ով հանդիպումից մանրամասներ է ներկայացնում Politik.am-ին:
«Այս թեմայով հանդիպում ունեցել եմ տասնյակ անգամներ՝ թե՛ մարզպետարանում, թե՛ համայնքում, ներկայացրել եմ հարցերի լուծման իրավական ճանապարհները: Համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են օրենքի ուժով և պահանջով, լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատարումը փոխանցվել է համայնքապետի տեղակալին՝ ժամանակավորապես, քանի որ իր նկատմամբ հարուցված քրեական գործերը ընթացքի մեջ են: Համայնքապետի տեղակալի պաշտոնը հայցողական պաշտոն է, նշանակվում է համայնքապետի կողմից, հետևաբար իրենք փոխկապակցված են: Այս մասին բազմիցս ասվել է նաև համայնքի բնակիչներին»,-ասում է մարզպետը՝ անդրադառնալով նաև այն մտքին, թե համայնքապետարանի ներկայիս պաշտոնակատարը Զարզանդ Գրիգորյանի «մարդն է»:
Հիշեցնենք՝ 2019թ.–ի փետրվարի 28–ին, որոշում է կայացվել Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որից հետո նրան փոխարինել է տեղակալ Կարեն Սիմոնյանը: Մինչ այդ էլ արշալույսցիները պահանջում էին Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Գրիգորյանը գյուղի «տեր-տիրակալն է, ամեն ինչ նրա ձեռքում է»: Նշենք նաև, որ Զարզանդ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:



