
Միջազգային առեւտրի կենտրոնը (ITC) ֆրանսիական CEPII տնտեսության հետազոտական ինստիտուտի հետ միասին կանխատեսում է համաշխարհային ՀՆԱ 0,7 տոկոս կրճատում մինչեւ 2040թ.՝ ԱՄՆ մաքսատուրքերի եւ այլ երկրների նախնական պատասխան միջոցների պատճառով։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել ITC գործադիր տնօրեն Փամելա Քոուկ-Հեմիլթոնը Ժնեւի ճեպազրույցում։
«Մեր նախնական գնահատականները, որոնք պատրաստել ենք ֆրանսիական CEPII տնտեսության հետազոտական ինստիտուտի հետ միասին եւ հաշվարկել նախքան 90-օրյա դադարի ու Չինաստանի հանդեպ մաքսատուրքերի լրացուցիչ բարձրացման հայտարարումը, ցույց են տալիս, որ մինչեւ 2040թ. այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքերի եւ նախնական հակամիջոցների էֆեկտը կարող է համաշխարհային ՀՆԱ-ն կրճատել 0,7 տոկոսով»,- ասել է նա։
Քոուկ-Հեմիլթոնի խոսքով՝ այդ միջոցներից ամենից շատ կտուժեն Մեքսիկան, Չինաստանը եւ Թաիլանդը, ինչպես նաեւ Աֆրիկայի հարավի երկրները, ինչպես նաեւ հենց ԱՄՆ-ը։
ITC-ը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ համատեղ գործակալությունն է։ Այն օգնում է զարգացող երկրներին հասնել կայուն մարդկային զարգացման՝ ի հաշիվ միջազգային առեւտրում փոքր եւ միջին ձեռնարկությունների ներգրավման։