Համաշխարհային բանկը հավանություն է տվել Հայաս...

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 28-ին, հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն եւ ներառող աճին եւ երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:

Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական եւ քաղաքացիակենտրոն Հայաստանի:

Այն հիմնվում է 2018 թ. գարնան «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա եւ մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման եւ բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը եւ մարդկային կապիտալին ուղղված ներդրումների միջոցով:

Ծրագրի իրականացմամբ արդյունավետորեն կօգտագործվեն Համաշխարհային բանկի կառույցների՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) եւ Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) փոխլրացնող ուժեղ կողմերը:

«Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի եւ լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու եւ համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար ԵԳՇ-ով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում.

• Արտահանումը հնարավոր դարձնող գործոնների եւ ընկերությունների մրցունակության խթանում.

• Մարդկային կապիտալի եւ հավասարության բարելավում.

• Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների կայուն կառավարում:

Աջակցելով Հայաստանի՝ նոր, ավելի ներառական աճի մոդել ստեղծելու ջանքերին՝ ԵԳՇ-ով կկատարվի լավ կառավարման եւ ներառման առանցքային տարրերն ընդգրկելու փորձ, այդ թվում՝ հանրային հաշվետվողականություն եւ թափանցիկություն, քաղաքացիների ներգրավում, գենդերային հարցեր, տարածքային համաչափություն եւ թվային միակցում:

«Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ռազմավարական ծրագրի մշակումն իրականացվել է շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ զարգացման գործընկերների հետ ծավալուն քննարկումների միջոցով,- ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը:- Ավելին, զարգացման մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ԵԳՇ-ի գործընթացի համար տեղեկություններ են ապահովել, արտացոլում են նաեւ կառավարության ծրագրի առաջնահերթությունները եւ ՀԲԽ-ի Հայաստանի համար Երկրի համակարգված գնահատումը (ԵԳՀ)»:

ՄՖԿ-ն, որի ուշադրության կենտրոնում մասնավոր հատվածի զարգացումն է, կշարունակի մասնավոր ֆինանսավորման ներգրավումը եւ ՀԲԽ-ի միջոցով համագործակցությունը Հայաստանի էնեգետիկայի ոլորտի արդիականացմանն աջակցելու համար՝ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար: ՄՖԿ-ն կօժանդակի նաեւ կառավարության ջանքերին մրցակցությունն ավելացնելու եւ տնտեսությունն արտաքին ներդրումների համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ուղղակի ֆինանսավորում տրամադրելով ընկերություններին եւ օժանդակելով արտահանման ուղղվածությամբ ճյուղերի զարգացմանը: ՄՖԿ-ն կշարունակի աշխատել ֆինանսական միջնորդների հետ՝ ընդլայնելով միջին եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման եւ առեւտրի խթանման նրանց կարողությունները:

«ՄՖԿ-ն ողջունում է Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար հասանելի դարձնելն ու նոր հնարավորությունների ստեղծումը: Մենք մեր դերը պատկերացնում ենք առանցքային ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի, մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցությունը խթանելու մեջ՝ շարունակելով աջակցել երկրին բնակչության կենսամակարդակի բարելավման ճանապարհին»,- ասաց ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

Ելնելով Հայաստանի ներկա հարկաբյուջետային սահմանափակված միջավայրից՝ ԵԳՇ ծրագիրը կիրականացվի հարմարեցված ձեւով եւ ընտրողական կլինի՝ հիմնվելով զարգացման վրա իր ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար նախատեսված ներգրավվածության երեք սկզբունքների վրա՝ 1) բարձր առաջնահերթությամբ ներդրումների շուրջ կատալիզել զարգացման եւ մասնավոր հատվածի գործընկերներին, 2) ուսումնասիրել այն ոլորտները, որոնցում այլ երկրների նոր, առաջադեմ փորձից Հայաստանը կարող է լավագույնս օգուտ քաղել եւ այդ մոտեցումները համապատասխանեցնել երկրի առանձնահատուկ կարիքներին, 3) օպտիմալացնել գործող պորտֆելը՝ Հայաստանի զարգացման նոր նպատակներին դրա համապատասխանությունը եւ նպաստն առավելագույնի հասցնելու համար: