Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը դիմել է Ռուսաստանին, Չինաստանին և Ալժիրին` խնդրելով նպաստել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է խմբավորման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը Մոսկվա «Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան կասեցնելու մեր ջանքերի մի մասն էր»։
«Մենք խնդրել ենք Ռուսաստանին, Չինաստանին և Ալժիրին աշխատել Գազայի վրա հարձակումը դադարեցնելու ուղղությամբ», - նշել է Համդանը։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է, որ «միջնորդները պատվիրակությանը տեղեկացրել են, որ կան նախանշաններ, ըստ որոնց բանակցությունները կարող են առաջ շարժվել»։
Համդանը նշել է, որ «իսրայելական օկուպանտների հետ գերիների փոխանակման գործարք չի լինի, եթե Գազայում ագրեսիան չդադարեցվի և զորքերի ամբողջական դուրսբերում տեղի չունենա»:
Համդանի խոսքով՝ ո՛չ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ոչ էլ ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնը ոչ մի նոր բան չեն բերել Գազայում հրադադարի շուրջ բանակցություններին։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը դա որակել է որպես «իրավիճակը բացառապես ամերիկաիսրայելական շահերին համապատասխան փոխելու փորձ»։
Նա հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրե է մեկնել՝ լսելու առաջարկված գաղափարները, սակայն ընդգծել է, որ «շարժման դիրքորոշումն իր պահանջների նկատմամբ մնում է անփոփոխ»։
«Եթե չլինեն նոր առաջարկներ, որոնք հաշվի կառնեն պաղեստինցի ժողովրդի շահերն ու պահանջները, շարժումը չի ընդունի դրանք: Սակայն միջնորդներին լսելու մեջ ոչ մի վատ բան չկա», - նշել է Համդանը:
ՀԱՄԱՍ-ի բանակցային խումբը հոկտեմբերի 24-ին Կահիրեում հանդիպում է անցկացրել եգիպտացի միջնորդների հետ։
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները գրեթե երեք ամսով ընդհատվել էին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։