ՀԱՄԱՍ-ը կարող է ազատել էլի մի քանի պատանդների...

Իսրայելը ենթադրում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը կհամաձայնի ազատ արձակել եւս մի քանի պատանդների՝ Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների գործարքի առաջին փուլի շրջանակում: Այս մասին գրել է Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ քննարկվում է գործարքի ներկա փուլի երկարաձգման հարցը, որը, ըստ պայմանավորվածությունների, պետք է ավարտվի մարտի 1-ին 42 օր անց։ Երկարաձգումը կներառի չորս տղամարդկանց, որոնք բոլորը հայրեր են, եւ այլ ծանր վիրավոր պատանդների ազատ արձակումը՝ հրադադարի երկարաձգման դիմաց մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, որը սկսվում է ուրբաթ օրը: «ՀԱՄԱՍ-ն այս պահին ցանկանում է, որ գործարքը շարունակվի»,- ասել են պաշտոնյաները անցած գիշեր՝ փետրվարի 22-ին, չորս ժամ տեւած հանդիպումից հետո: «Դա բխում է նրանց շահերից, նրանք ցանկանում են, որ մարդասիրական օգնությամբ եւ շինարարական տեխնիկայով ավելի շատ շարասյուներ մտնեն Գազա, եւ նրանք չեն ցանկանում լինել այն կողմը, որը կհանգեցնի գործարքի ձախողմանը»,- ասել են պարբերականի զրուցակիցները։