Հակոբ Սերոբյան. Ցավալի էր Արթուր Դավթյանի ձախ...

Ցավալի էր Արթուր Դավթյանի ձախողումը: Երկրորդ ցատկն անհասականալի էր բոլորիս համար: Ի՞նչ կատարվեց, մենք էլ չհասկացանք: Այնքան էր հուզվել: Երբեք նրան այդ վիճակում չէի տեսել: Միեւնույն է՝ Արթուրն ամենաուժեղն է, ամենալավն է, նա անգերազանցելի է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 19-24-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նվաճեց երեք մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր:

«Եվրոպայի առաջնությունը լավ անցավ մեզ համար: Կանխատեսելի էին արդյունքները: Ունեցանք նաեւ անակնալներ: Նվաճեցինք երեք մեդալ՝ ամբողջական հավաքածու: Արդյունքների համար գոհ եմ:

Շատ ցավալի էր Արթուր Դավթյանի ձախողումը: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց, ինչպես նա կատարեց առաջին ցատկը եւ ինչպիսի բարձր միավոր վաստակեց: Երկրորդ ցատկն անհասականալի էր բոլորիս համար: Ի՞նչ կատարվեց, մենք էլ չհասկացանք: Արթուրի դեպքում ստացվեց այդպես:

Խորվաթիայում 14-օրյա հավաք ունեցանք: Շատ լավ էինք պատրաստվել այս առաջնությանը: Այսպես լավ երբեք չէինք պատրաստվել եւ ամենալավը պատրաստվել էր Արթուր Դավթյանը: Բոլորը գիտեին, որ նա պետք է դառնա չեմպիոն: Մարզումներին այնպես էր պատրաստվել, այնքան էր շտկել ցատկերը, որ այլ տարբերակ չկար:

Կամրջակի հետ, ասես, խնդիր եղավ, հեռու ցատկեց, թե ձեռքերի հրման կետը չզգաց, դժվար է մեկնաբանել: Մի քանի անգամ դիտել եմ կրկնապատկերը, բայց ինքն էլ չի կարողանում բացատրել, թե կոնկրետ ինչ տեղի ունեցավ:

Մարմնամարզությունում կա մի այսպիսի խնդիր՝ ծանրաբեռնված մարզումներից հետո, այդքան ցատկեր անելուց հետո մարմնամարզիկների մոտ տեղի ունենում հատակ-առաստաղ խառնելու պրոցես: Սա վտանգավոր երեւույթ է: Դրանից հետո մի քանի ամիս, նույնիսկ մեկ տարի պետք է չմարզվել: Ես վախեցա, որ Արթուրի մոտ դա չլինի, բայց նա նշում է՝ ոչ: Հարցրեցի՝ մեջքդ էր, էլի ասում է՝ ոչ:

Կհասկանանք, կշարունակենք պատրաստվել: Այս անգամ չստացվեց, չենք ընկճվում: Արթուրն ամենաուժեղն է, ամենալավն է, նա անգերազանցելի է, ֆավորիտ է: Նրա պես որեւէ մեկը չի կարողանում ցատկել: Եվ բոլորը գիտեն այդ մասին: Եզրափակիչից հետո այնքան էր հուզվել: Երբեք նրան այդ վիճակում չէի տեսել: Դժվարությամբ կարողացանք նրան հանգստացնել, տրամադրությունը բարձրացնել:

Նշեմ նաեւ, որ նա թիմի ավագն է եւ ամբողջ Եվրոպայի առաջնությունում, մարզումներին տղաների կողքին է եղել, մրցահարթակում Հայկ Նազարյանի հետ նա է աշխատում տղաների հետ: Շատ է օգնում թիմին եւ այս արդյունքները նաեւ նրա շնորհիվ են»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը պարզաբանեց, որ Արթուր Դավթյանն առաջին ցատկից հետո մեջքի խնդիր է ունեցել: Նշենք, որ Հայկ Նազարյանը Եվրոպայի առաջնությունում եւ մյուս մրցաշարերում հավաքականի տղաների հետ մշտապես աշխատում է մրցահարթակում:

«Եվրոպայի առաջնության արդյունքներն իսկապես շատ լավն էին: Արթուր Ավետիսյանի հաղթանակը շատ ոգեւորիչ էր: Վերջնամասում դիմավորելու ցատկի վրա պետք է աշխատենք, որպեսզի շատ մաքուր ավարտի: Սա հավելյալ միավոր է տալիս եւ նպաստում ընդհանուր գնահատականի վրա: Շատ էի ուզում, որ Արթուր Ավետիսյանը մեդալ նվաճի, ասում էի՝ գոնե մեկ մեդալով ավարտի պայքարը: Բայց նա բոլորիս անակնկալ մատուցեց եւ չեմպիոն դարձավ:

Արթուր Դավթյանի եզրափակիչն անհասկանալի էր: Ես նրա հետ մրցահարթակում էի աշխատում: Առաջին ցատկից հետո Արթուրի մեջքը ձգվեց: Երբ արդեն երկրորդ ցատկի համար կամրջակն էինք պատրաստում, նա դժվարությամբ ոտքի կանգնեց: Գուցե դա էլ նրան խանգարեց, դժվար է ասել: Երկրորդ ցատկին գնալիս՝ հարցրի՝ մեջքդ ձգեցիր, ասաց՝ ոչ: Նա միշտ այդպես է պատասխանում: Ամեն դեպքում Արթուր Դավթյանը շատ ուժեղ է, այս անգամ այսպես ստացվեց»,- նշեց Հայկ Նազարյանը:

Հակոբ Սերոբյանի խոսքով, Արթուր Ավետիսյանի չեմպիոնությունն անսպասելի էր:  

«Որակավորման փուլում եզրափակիչի 5 մասնակից կարող էինք ունենալ: Այդպես էլ եղավ, ինչը 100 տոկոսանոց արդյունք էր, քանի որ ամեն գործիքի վրա երկու մասնակից պետք է ունենայինք: Եթե նույնիսկ Գագիկ Խաչիկյանը մտներ եզրափակիչ, չէինք կարող մի երկրից երեք մասնակից ունենալ եզրափակիչում:  

Արթուր Ավետիսյանը որակավորման փուլում 4-րդն էր; Եզրափակիչում զարմացրեց բոլորիս: Նրա բախտը միշտ չի բերել, միշտ 4-րդ տեղ էր գրավել: Այստեղ շատ լավ հանդես եկավ եւ միանգամից ոսկե մեդալակիր դարձավ: Շատ ուրախ եմ Արթուրի համար:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը իդեալական մրցելույթներ ունեցան: Արեցին առավելագույնը: Պարտավոր էին անել, քանի որ շատ լավ էին պատրաստվել:

Զարմացել եմ իտալացի մարմնամարզիկի արդյունքից եւ մասնակցությունից: Նա իսկապես հաղթեց Մամիկոնին եւ ամեն ինչ արդար էր: Պետք է աշխատենք, որպեսզի փորձենք հաղթել իտալացուն:

Վարժությունը բարդացնելու մասին մտածում ենք: Գուցե փորձենք, բայց կարեւոր է, որ կարողանանք շատ մաքուր կատարել, իսկ դրա համար ժամանակ է պետք: Ինձ համար շատ կարեւոր է իմ տղաների առողջությունը: Կարող ենք բարդացնել, բայց չեմ ուզում, որպեսզի ռիսկի գնանք վնասվածքների վտանգի հաշվին: Թող անեն իրենց վարժությունները, մաքուր կատարեն: Շատերը Զագրեբում բարդ վարժություններ էին անում, բայց միավոր չէին վաստակում, քանի որ մաքուր չէր:  

Վահագն Դավթյանից շատ գոհ եմ: Մտածում էի՝ եզրափակիչ դուրս գա, շատ լավ կլինի, քանի որ նա համատեղում է քաղաքապետարանի աշխատանքը եւ լիարժեք մարզումներ չի ունենում: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել էր վերջին 10 օրերին, թիմի հետ եւ հրաշալի արդյունք գրացեց: Ես շատ շնորհակալ եմ նրանից: Վահագն Դավթյանը հավաքականում կլինի, կմարզվի մինչեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարեր: Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու պոտենցիալ ունի:

Լոս Անջելես 2028-ում 4 օլիմպիական ուղեգրի հույս ունենք: Մի քիչ անհավանական է, բայց հավանական է: Դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, բայց վարկանիշներ ակնկալում եմ Արթուր Դավթյանից, Արթուր Ավետիսյանից, Համլետ Մանուկյանից եւ Մամիկոն Խաչատրյանից:  

Սեպտեմբերի 15-ից սկսենք պատրաստվել աշխարհի առաջնությանը: Ընթացքում Համլետ Մանուկյանը միջազգային մրցաշարի կմասնակցի, որտեղ, գաղտնիք բացեմ՝  նոր տարր ենք փորձելու: 10 օր ուսումնամարզական հավաք կանենք Գերմանիայում, այնտեղից կգնանք աշխարհի առաջնությանը»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը տիտղոսը նվաճեց 14.400 միավորով: Ալբերտ Ազարյանից հետո 71 տարի անց օղակների վարժությունում Հայաստանն առաջին անգամ է Եվրոպայի չեմպիոն ունենում:

Նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը արծաթե մեդալակիր դարձավ 15.000 միավորով,  բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը՝ 14.900 միավորով:

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանն այս առաջնությունում մեդալ չնվաճեց: Հենացատկի վարժությունում առաջին ցատկը գերազանց կատարելուց եւ ամենաբարձր միավորը վաստակելուց հետո, Հայաստանի առաջատարը երկրորդ ցատկը ձախողեց եւ զբաղեցրեց 8-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան