Հակոբ Արշակյանը հանդիպել է ֆրանսիական պատվիրա...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Լուի Ժան դը Նիկոլայի գլխավորած պատվիրակությանը:

«Կարևորել եմ Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը և Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան«,-նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը:

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Լուի Ժան դը Նիկոլայն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը: