ԵՄ-ՀՀ համագործակցությունը գնալով ակտիվանում է, այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել՝ ԵՄ-ՀՀ գործընկերության համար։ Այս մասին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Սա հավակնություն է բազմաթիվ ոլորտներում համատեղ աշխատելու համար, աջակցելու ՀՀ-ում բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, մենք համագործակցելու ենք նաև վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,-ասաց Կալասը։
Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերին Բրյուսելում ծրագրվում է 27 ԱԳ նախարարների հանդիպում, որին նաև հրավիրեց Արարատ Միրզոյանին՝ խոսելու ՀՀ դիմակայունության և ընտրություններին վերաբերող հարցերի շուրջ։
Նա նաև հայտարարեց, որ ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 15 մլն եվրո, որը կուղղվի խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանի ունենալուն։ «Մի քանի նախաձեռնությունների են ուղղվելու միջոցները, ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու։
Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի, Ռուսաստանը և իր պրոքսիները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը որոնք օգտագործվել են, շատ ակտիվ աշխատել են Մոլդոլայում։ Այսինքն, սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։
ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել նմանատիպ հիդրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընդառաջ։
Կոսը հավելել է, որ այդ 12 միլիոն եվրոն նախատեսված չի լինելու միայն ՀՀ կառավարության համար, այլ դրանից կարող են օգտվել նաև քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները, որոնց դերը նույնպես շատ կարևոր է հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի համար։
ԵՄ բարձր հանձնակատարը հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի հարցում կարևորում է նաև Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ առանց դրա ուղղակի հնարավոր չէ արդյունքի հասնել։
Այդ հարցում ԵՄ հանձնակատարն առանձնահատուկ կարևորել է նաև համապատասխան ինստիտուտների առկայությունը, որոնք պատրաստ կլինեն արժանի հակահարված տալ հիբրիդային սպառնալիքներին։
Ինչպես մենք սովորեցինք Մոլդովայում՝ արտասահմանյան ազդեցության դիմակայելը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցությունը և շատ ուրախ ենք լսել ձեզանից, որ Հայաստանում նույնպես այդպես է, ՀՀ-ում կա ակտիվ քաղհասարակություն, անկախ լրատվամիջոցներ, որոնց դերն այս գործում կարևոր են։
Դուք միայնակ չեք այս մարտահրավերների առաջ, մենք կանգնած ենք ձեր կողքին և պատրաստ են աջակցել ձեզ»,-ասաց Կալասը՝ դիմելով Արարատ Միրզոյանին։



