Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում Արցախի Հանրապետության պաշտոնյաներ, որոնք, ըստ էության, ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաև Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով:
Մամուլի հրապարակած այս տեղեկատվությունը ԱԱԾ-ն չհերքեց և բնական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէր կարող նման հնարավորությունը բաց թողնել։ Հայաստանի իշխանությունները հարուցվող քրեական գործերով պետք է փորձեն ապահովել շոու և հանրությանը համոզեն, որ իրենք մեղք չունեն Արցախի վերջնական կորստի հարցում։
Հրապարակումից օրեր անց ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը արեց հայտարարություն, որով աբսուրդային իրավիճակ է ստեղծվում։ Փոխնախարարը հայտարարեց, թե Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ չեն և իրենց ունեցած անձնագրերը զուտ ճամփորդական փաստաթղթեր են․ «Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալուց հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»,-ասել էր փոխնախարարը։
Ստացվում է պատասխանատվության և իրավունքների ժամանակ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ «արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն», իսկ «Արցախը Ադրբեջան է», բայց հանուն Փաշինյանի ցանկությունները բավարարելու շոուի պատրաստ են քրեական գործ հարուցել «ոչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ» և «ոչ ՀՀ տարածքում» կատրաված հանցագործության համար: Այս իրավիճակը խոսում է Փաշինյանի իշխանության հակաիրավական խայտառակ բնույթի մասին։ Մյուս կողմից խայտառակ վիճակում է հայտնվել ԱԱԾ-ն, որը դարձել է «Փաշինյանի ձեռքի խաղալիքը» և քրեական գործ է հարուցել։



