«Հակահեղափոխական» հեծանիվ արտահայտությունը ին...

ՀՀ իշխանությունների, և, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քայլեր որակվում են որպես «հասարակ» PR, նշում են, թե քաղաքական կյանքը վերածվել է անվերջ ինքնագովազդի:  Politik.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել է իշխանությունների օգտագործած PR քայլերի մասին:

Հակոբյանը նորմալ է համարում, երբ իշխանությունները, և, ընդհանրապես, քաղաքական ուժերը, մեծ ուշադրություն են դարձնում PR-ին.

«Իրազեկման և իմիջ ձևավորելու խնդիր ունեն: Իշխանությունն ինչ-որ փուլից սկսած բավականին ոչ շահավետ վիճակում է հայտնվում, որովհետև իրենից սպասումները շատ են: Տվյալ իշխանության դեպքում իշխանափոխությունից հետո շատ ավելի մեծ սպասումներ էին առաջացել: Սուր քննադատության, սովորաբար արժանանում են հենց այդ օրվա իշխանությունները: Այսօրվա իշխանությունները, և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնարավորինս լայն և բազմազան PR գործիքներ են կիրառում»: 

Քաղտեխնոլոգն անդրադառնում է նաև վարչապետի՝ պաշտոնավարման 1 տարին ամփոփող 5 ու կես ժամ տևած ասուլիսին՝ նշելով, որ դա ևս լավ կիրառված PR քայլ է.«Հասարակությունը դա համեմատում է նախորդ իշխանությունների ասուլիսների հետ, և ոչ միայն, նաև, օրինակ, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ ժամերով տևող ասուլիսի հետ»: 

Նշելով վարչապետի կիրառած հիմնական PR քայլերը՝ Հակոբյանն ասում է.«Այսօր, օրինակ, հեծանիվով էր գնում աշխատանքի՝ ընդ որում գրառում կատարելով, որ հեծանիվը «հակահեղափոխական» էր: Դա, իմ կարծիքով, նպատակ ուներ ինտրիգ մտցնել, հարց առաջացնել, թե ինչ է նշանակում հակահեղափոխական հեծանիվ:  Վարչապետն անընդհատ փորձում է զբաղեցնել հասարակությանը. երեկ Շուշիում սկսեց շուրջպար պարել: Նման քայլերով օրվա լրահոսը լցվում է»:

Ըստ քաղտեխնոլոգի՝ այստեղ գալիս է PR-ի ամենագլխավոր օրենքներից մեկը՝ եթե բովանդակությունը քիչ է լինում, սուտ է լինում կամ չի լինում, դրա վրա կառուցվող PR-ը շատ դժվար է պահել.«Դրա համար պետք է նաև բովանդակություն լինի, իսկ բովանդակության խնդիր այս իշխանությունների մոտ միշտ կա: Այդ է պատճառը, որ շատ դեպքերում լինում են բուն թեմայից շեղման գործիքակազմեր: 

Հակոբյանն ասում է՝ մեր հասարակությունը ամեն ինչ «հալած յուղի պես է ընդունում», ինֆորմացիայի բավականին ցածր «իմունիտետ» ունի, ու դրա արդյունքում տասներորդական թեմաները գալիս են առաջնային պլան:  

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ընդդիմադիր ուժերն էլ լավ հակափիառ են իրականացնում.«Վարչապետի որևէ քայլ իշխանությունը կարող է ներկայացնել որպես ժողովրդականություն, անմիջականություն, ընդդիմութունը՝ վարչապետի պաշտոնում ադապտացված չլինելու հետևանք»: