Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր...

Հաջորդ տարվա սկզբից կսկսեն մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման աշխատանքները։ Ցավոք, սա այն տարբերակն է, երբ մենք հնարավորություն չունենք բյուջետային գումարներն օգտագործելու այդ ծրագրերի համար։

Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև հունվար, կավարտենք նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսեն շինարարական աշխատանքները», - ասաց Արթուր Մեսչյանը։

Նա նշեց, որ աշխատանքները կսկսեն կամուրջից, ինչից հետո կամուրջի վրա կտեղավորվի կայարանը։

«Շատ բարդ խնդիր է։ Տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվում է պետք, մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ», - ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը։