Գյումրու տնակներից մեկում ապրող Մխիթարյանների ընտանիքը կանգնել է անօթևան մնալու ճանապարհին: Հողատարածքը, որտեղ գտնվում են իրենց տիրապետության տակ գտնվող 3 տնակները, գնվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից, ով այժմ դատական հայցով պահանջում է ազատել իրեն պատկանող տարածքը: Այս տարածքում, տնակներում այլ ընտանիքներ ևս բնակվում են, Լևոն Բարսեղյանը նրանցից ևս պահանջում է ազատել իր տարածքը։
Արա Մխիթարյանը, ով ապրում է կնոջ ու երեխայի հետ, Politik.am-ի հետ զրույցում ասում է, որ տարածքը չլքելու միակ պատճառն այն է, որ պարզապես տեղ չունեն գնալու: Ինքը՝ Արա Մխիթարյանը, 3-րդ կարգի հաշմանդամությու ունի:
Հարևան տնակում ապրում է մայրը, մյուս տնակում էլ բնակվել է մորեղբոր ընտանիքը, որն այժմ տեղափոխվել է և թույլատրել Մխիթարյան ընտանիքին օգտվել նախկինում իրենց բնակեցրած տնակից:
Տարիներ առաջ Արա Մխիթարյանի մայրը բնակարան ստացել է, սակայն իրենք չեն տեղափոխվել: Հարցին, թե ո՞րն է պատճառը, Արա Մխիթարյանն ասում է.«Ես հաշմանդամություն ունեմ: Մայրս առողջական խնդիրներիս պատճառով վաճառել է բնակարանը, չնայած օգուտ էլ չտվեց: Հիմա էլ էդ բնակարանը չկա»:
Արա Մխիթարյանն ասում է՝ պատրաստ է օր առաջ դուրս գալ այլ անձի պատկանող տարածքից՝ «իրենցն է, թող վայելեն», միայն թե հիմա այլ ելք պարզապես չունի:



