
Գյումրիում պատկերը շատ պարզ է, կա երեք հիմնական ուժ՝ իշխանությունը, Վարդան Ղուկասյանը և «Մայր Հայաստան» դաշինքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը՝ անդրադառնալով Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին:
«Մնացած ուժերը կարելի է ասել նոր են ձևավորվում: Փորձենք հասկանալ, թե ով ինչ քվեարկող ունի։ Ակնհայտորեն ցանկացած ՏԻՄ ընտրություններում կա այդ կոնֆլիկտը մունիցիպալ և քաղաքական օրակարգերի։ Քաղաքական օրակարգը մինչև վերջերս ստանում էր «Մայր Հայաստանը», բավական խոստումնալից մուտք գործեց Ռուբեն Մխիթարյանը: Բայց այս պահին իրավիճակը կտրուկ փոխվեց, քանի որ իշխանական թեմը նույնպես կտրուկ քաղաքականացրեց իրավիճակը։ Այսինքն այնտեղ մտան, այսպես կոչված, արևմտամետ ուժեր, իրենք ցուցակը կազմեցին շատ քաղաքական տեքստով և փոփոխություններ տեղի ունեցան այդ ընկալումների մեջ։
Մինչ այս իշխանությունն իր թեկնածուին բրենդավորել է որպես «մեր Սարիկը», ինչը բավական խելոք բան էր իրենց տեսակետից, քանի որ «մեր Սարիկը», որը տարբեր տեղերում ասֆալտ է խոսք տվել, շատ ակտիվ աշխատում է, լուսավորություն է քաշում, դա դրական է ազդում ընտրողի վրա:
Բացի այդ, քաղաքացիները դիմում են գրում և ինչ-որ մի տուփ օգնություն են ստանում, որը շատ դժվար է բռնացնել: Իհարկե կան պետաշխատողները, որոնց ուղղակի տեռորի են ենթարկել, և այս պարագայում իշխանություններն ունեն իհարկե զգալի հատված»,- ասաց սոցիոլոգը:
Նա նկատեց, որ այս պահին «մեր Սարիկ» ընտրողը առնվազն 5 անգամ ավելի շատ է, քանց ՔՊ ընտրողը. «ՔՊ-ին ընտրողները շատ քիչ են: Ընդ որում, դա ոչ թե Սարիկ Մինասյանն է, այլ մեր Սարիկը, որը քաղաքի տղա է, փորձում է այստեղ ասֆալտ գցի, մենք իրեն ճանաչում ենք: Այդ քաղաքի տղայի պատկերը քիչ թե շատ էֆեկտիվ աշխատում էր։
Ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանին, նրա վարկանիշը բավականաչափ բարձրացավ, երբ իրեն փորձեցին ձերբակալել: Ինչքան իշխանությունը իրեն ճնշի, այնքան իր վարկանիշը կբարձրանա։ Սա փաստ է:
Գյումրիում ընտրությունները 30 տարի եղել են անձնավորված, այնտեղ կա «մայլա» ու այսինքն քեռու տղա, բաջանաղ, աներձագ և այլն։ Այսինքն գալիս է Պողոսը, ասում է՝ Պետրոսը ես եմ, ոնց որ ինձ գիտես, այնպես էլ ինքն է, մաքուր տղա է, արի գնանք ընտրենք Պետրոսին։ Այսինքն ծրագրային որևէ բան երբևիցե գյումրեցիներին չի առաջարկվել։ Այդ տեսակետից իհարկե իշխանությունը միշտ ունեցել է առավելություն, քանի որ միշտ կարող է ասենք 100 մետր ասֆալտ խոստանա»,-ասաց Արթուր Պարոնյանը:
Նրա խոսքով, կա մի հատված, որ ժամանակին բնակարան է ստացել, երբ քաղաքապետը եղել է Վարդան Ղուկասյանը եւ նա իր ընտրողն է. «Հիմա քաղաքական ինչ-որ հատված Վարդան Ղուկասյանն ստանում է այն պահից, երբ որ իշխանությունը ճնշում է գործադրում իր վրա»,- ընդգծեց նա:
Արթուր Պարոնյանի ներկայացմամբ, երրորդ ուժը այս պահին «Մայր Հայաստանն» է, որը նորություն է գյումրեցիների համար. «Իրենք ունեն թե՛ մունիցիպալ օրակարգ, թե՛ ունեն քաղաքական հատվածը: Համապատասխանաբար կիրթ ու քիչ թե շատ միջին խավ կոչվածը, շատ համոզիչ է»,-ասաց նա: