Երեկ հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձիք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքար։
Այս քայլը միանշանակք պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ հասարակության համար։ Քաղաքական պայքարը չպետք է հենվի ատելության վրա, առավել ևս այս մակարդակի ատելության։
Համացանցում երեկ գերեզմանաքարի լուսանկարը լայն տարածում գտավ։ Շատերը քննադատեցին այն, բայց որոշ գործիչներ հիշեցրեցին նոր իշխանություններին, որ սա «ատելության բումերանգի» վերադարձն է։ Հիշեցնենք, որ իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի աջակիցները ծակեսպակներ և սև ժապավենների վրա գրություններ էին փակցնում ՀՀԿ-ականների տների մոտակայքում, շենքերի շքամուտքում։ Նույնիսկ Արթիկում ՀՀԿ գրասենյակի առաջ դագաղ էին դրել։
Բայց կարևոր է հասկանալ, որ իշխանափոխության օրերին նետված բումերանգը բռնելուց հետո չպետք է նորից նետել։ Ի վերջո հասարակաությունը պետք է իր մեջ ուժ գտնի և կանգնեցնի ատելության սրնթաց աճող ալիքը, հակառակ պարագայում մենք կդառնանք հասարակություն, որտեղ բոլորը բոլորի դեմ են։



