
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Հայտնել են ԿԸՀ-ից:
Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ և քարտուղար,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 27-ական նախագահ և քարտուղար,
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 6-ական նախագահ և քարտուղար։
Նշենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մարտի 10-ից մինչև մարտի 12-ը` մինչև ժամը 18.00-ն: ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք։